Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կյանքի հյութ»(Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)

«Կյանքի հյութ»(Ջուր։ Միայն ծարավ մարդը կհասկանա այս երեք տառանոց բառի իրական մեծ արժեքը)
28.07.2009 | 00:00

ՋՈՒՐԸ ՈՐՊԵՍ ԱՅՍ ԵՎ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԱԽ` ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ՄԻ ՔԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Հայտնի է, որ ամբողջ երկրագնդի տարածքի 70 տոկոսը զբաղեցնում է ջուրը, իսկ մնացած մեկ երրորդը ցամաքային մասն է, որտեղ այժմ ապրում է մոտ յոթ միլիարդ մարդ։ Կարծես թե երկուսուկես անգամ ցամաքը գերազանցող ջրի քանակը շատ է ու քիչ չէ և կբավարարի այդչափ բնակչությանը, բայց... Մի կարևոր բայց կա. այդ ամբողջ ջրային զանգվածի 97,5 տոկոսն աղի է, խմելու ոչ պիտանի, որը պարփակված է օվկիանոսների ու ծովերի մեջ, իսկ մնացածը՝ այսինքն միայն 2,5 տոկոսն է քաղցրահամ և խմելու, որը գտնվում է փոքրիկ լճերում (օրինակ` Սևանա լճում) ու զանազան գետերում։
Հայտնի է, որ ջուրը միակ ֆիզիկական նյութն է, որ ունենում է երեք վիճակ՝ պինդ, հեղուկ և գազային։ Նաև բոլորս գիտենք, որ ջրի քիմիական բանաձևն է H20, այսինքն` ջուրը բաղկացած է երկու ջրածնի ու մեկ թթվածնի միացությունից։ Եվ ինչպես գիտենք, ջրածինը պայթուցիկ նյութ է (որից ջրածնային ռումբ են պատրաստում), իսկ թթվածինը բորբոքում է կրակը։ Եվ ահա Աստծո հրամանով այդ երկուսի միացությունից բաղկացած «համաձուլվածքը` ջուրը, հանգցնում է կրակը։ Սա ջրի առաջնային հրաշքներից է, իսկ մնացածների հետ մենք դեռ կծանոթանանք։
ԱՄԵՆԱԱՂԻ ՋՈՒՐԸ
Ծովի մակարդակից ամենացածր (400 մետր), աշխարհին հայտնի Մեռյալ կամ Աղի ծովի (այդպես է կոչվում ջրի գերխիտ` 25 % աղակալության պատճառով), որտեղ բացարձակապես ոչ մի կենդանություն կամ բուսականություն չկա, ափերը պատած են սուր-սուր և սպիտակ աղեբյուրեղներով, իսկ ջուրը կարծես մածուցիկ լինի: Անգամ լողալ ցանկացողները խցանի նման ջրի երեսին են մնում և կարող են հանգիստ պառկած թերթ կարդալ (ինչում ես գործնականում համոզվեցի այնտեղ եղած ժամանակ -հեղ.): Այդ հրաշք լիճը, ըստ ավանդության, առաջացել է մեղսագործ Սոդոմ ու Գոմոր քաղաքների տեղում, և որի մեջ է թափվում Իսրայելի միակ գետը՝ Հորդանանը, որտեղ մկրտվել է Աստծո Որդին` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Այժմ գիտությանն անհայտ պատճառներով Մեռյալ ծովի մակարդակը տարեկան մեկ մետրով իջնում է: Եվ Իսրայելի կառավարությունն այդ մեռնող ծովի փրկության ծրագիր է մշակել, ըստ որի Կարմիր ծովից մինչև Մեռյալ ծով ջրանցք պետք է փորեն, որն ունենալու է նաև տնտեսական մեծ նշանակություն, քանի որ դրա ճանապարհին մի քանի էլեկտրակայաններ են նախատեսվում, որոնցից ստացած 550 մեգավատտ էլեկտրաէներգիայի շնորհիվ պետք է տարեկան 870 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր զտեն Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի համար: Բայց սրանք դեռևս ծրագրեր են։
Իսկ քաղցրահամ ու խմելու պիտանի ջրերի 99 տոկոսը պարփակված է սառցե լեռներում՝ այսբերգներում, որոնք գտնվում են մարդկային բնակատեղիներից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Իսկ այդ 99 տոկոսի ընդամենը մեկ տոկոսն է մատչելի մարդկության անձնական կարիքների համար։ Մի ժամանակ գիտնականները հսկայաարժեք ծրագիր մշակեցին, որ Անտարկտիդայից «շղթայակապ» անեն այսբերգները և հզոր ռազմանավերով քաշեն-բերեն գերխիտ բնակչություն ունեցող քաղաք-մեգապոլիսների մոտ ու հետզհետե հալեցնելով` օգտագործեն դրանց միջի ջրերը։ Բայց մարդկային ցանկությունները ոչ միշտ են համընկնում հնարավորությունների հետ, որովհետև գիտնականները հաշվարկեցին, որ մինչև այդ սառցե լեռները տեղափոխեն իրենց ուզած վայրը, դրանք կհալվեն և կնվազեն մինչև անօգտակարության աստիճան։ Այնպես որ, մարդկությունն իր հայացքը պետք է ուրիշ տեղ ուղղի։ Իսկ թե ուր, դեռ կխոսենք։
ՈՐՏԵ՞Ղ Է ԾԱԽՍՎՈՒՄ ԵՂԱԾ ՋՈՒՐԸ
Ըստ գյուղատնտեսների, մեկ տոննա հացահատիկ ստանալու համար անհրաժեշտ է 1000 տոննա ջուր (իսկ բրնձի համար` ավելի)։ Հաշվի առնելով, որ հացն ու բրինձը մարդկության ամենատարածված ու հիմնական կերակուրն են, այդ պատճառով քաղցրահամ ջրի 70 տոկոսը ծախսվում է դաշտերի ոռոգման, այսինքն` հանապազօրյա հացի համար, իսկ մնացածը` տեխնիկական ու կենցաղային կարիքների նպատակով։ Այնպես որ, վեց ու ավելի միլիարդանոց մարդկությանը ջրի այդ չնչին մնացորդը չի բավարարում, իսկ հետամնաց աֆրիկյան երկրներում կրիտիկական եզրին է ջրի հարցը։ ՈՒ կգա ժամանակ (գուցե և այդ օրերում ենք), որ ջուր ունեցող պետությունը կհամարվի հարուստ երկիր (այնպես որ, սիրելի հայորդիներ, պատրաստվեք հարուստ երկրի բնակիչ կոչվելու)։ Ասածս հաստատելու համար փոխանցեմ իմ տեսածը։
ԱՄԵՆԱՍԱԿԱՎԱՋՈՒՐ ԶԱՐԳԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Տասը տարի առաջ, երբ ինձ հրավիրեցին Երուսաղեմի սուրբ Հակոբյանց մեր հայոց վարժարանում կրոնի պատմություն դասավանդելու, ազատ օրերին, բնականաբար, շրջում և ուսումնասիրում էի տեղի բնակիչների նիստ ու կացը։
Հայերիս համար հետաքրքիր (ինչ-որ տեղ` նաև մխիթարիչ) փաստ է այն, որ Իսրայել պետությունն ունի ընդամենը 27800 քառակուսի կմ տարածք (զգալիորեն պակաս ներկայիս Հայաստանից), տարածք, որի գերակշիռ մասն է կազմում Հուդայի անջրդի ու ամուլ անապատը, և ունի ընդամենը մեկ լիճ` Գեննեսարեթի կամ Գալիլեական լիճը (որի ջրերի վրայով քայլեց Հիսուսը), որը մեր Սևանի նման կապուտակ է ու քաղցրահամ, բայց մեծությամբ նորից զիջում է լեռնային մեր գեղեցկուհուն: Նրանից նույնպես մի գետ է դուրս հոսում` Հորդանանը, ինչպես, մերից՝ Հրազդանը, նույնքան նվազ չափով: Այս երկրի գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող հողատարածքն ընդամենը 437 հազար հեկտար է (Հայաստանում՝ մոտ 1,5 մլն հեկտար. երեք անգամ ավելի), իսկ անտառածածկ տարածքը` 107 հազար հեկտար:
«ՇՄԻՆԻ ԱՑԱՐԵՏ»
Ջրի հարցը Իսրայելում ամենաառաջնակարգն է պաղեստինյան պատերազմից հետո, որովհետև Իսրայելը ըստ բնակչության քանակի, ամենասակավաջուր պետություններից է։ Այդ պատճառով Իսրայելում նույնիսկ հատուկ տոն կա` կապված ջրի հետ։ Ոմանք կարող է մտածեն, որ մեր Վարդավառի նման մի բան կլինի այն, որ մարդիկ առատ-առատ ջուր են լցնում միմյանց վրա, բայց ճիշտ հակառակն է։ Այս տոնը կոչվում է «Շմինի ացարետ» և թարգմանվում է մոտավորապես այսպես. ութերորդ օրվա շարունակություն: Սա մի տոն է, որն անմիջապես հետևում է տաղավարահարների տոնին, որը բերքահավաքի հետ էր կապված, երբ վերջին անձրևներն են տեղում: Այս տոնը, ի տարբերություն մյուսի, ուրախության համար չէ, այլ անդադար աղոթքի ու ջանքի, քանի որ մարդիկ պետք է Թորայի գալարները ձեռքերում իրենց ամբողջ օրն անցկացնեն անձրևի համար աղոթք անելով: Այո՛, Իսրայելի համար սա հատուկ արարողության տոն է, որովհետև այստեղի ժողովուրդը, բառիս բուն իմաստով, կախված է երկնքից. եթե անձրև եկավ, խմելու ջուր ու բերք կունենան, եթե ոչ, ապա մեծ նեղություններ են սպասվում: Ժամանակին այս քաղաքում ջրպետ կոչվող պաշտոն է եղել, որը պատասխանատու է եղել Երուսաղեմի ջրի հսկողության, անխափան ու խնայողաբար օգտագործման համար: Երբ 1999 թվին տողերիս հեղինակը գտնվում էր Իսրայելում, այդ տարին սակավանձրև էր։ Բոլոր լրատվամիջոցներն անդադար ահազանգում և զգուշացնում էին, որ հնարավորինս քիչ ջուր օգտագործի ժողովուրդը։ Անձրև խնդրակատար տոնի ավարտից հետո, երբ անձրևը համառորեն չէր ուզում գալ, մի օր տեսա, թե ինչպես է ռազմական ուղղաթիռն անընդհատ պտտվում Երուսաղեմի վրայով: Այդպես էլ չհասկացա դրա պատճառը, մինչև որ հաջորդ օրը հեռուստատեսությամբ հայտարարեցին, թե ռաբբիները մի ուղղաթիռ են վարձել, որ Երուսաղեմի վրայով յոթ անգամ պտտվելով՝ «երկնամերձ» աղոթքներ անեն: ՈՒ պատկերացրեք, որ հաջորդ օրն անձրև եկավ:
Անձրևի և աղոթքի սերտ կապի մասին կա նաև մի պատմություն հնավանդ գրականության մեջ: Այն քաղել եմ պրոֆեսոր Վ. Բոլոտովի «Եկեղեցու պատմությունը տիեզերական ժողովների շրջանում» գրքից, որը թարգմանվել և տպագրվել է 1914 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում: Անձրևի մասին այնտեղ գրված է, որ քրիստոնեության հաստատման տարիներին, երբ հեթանոսությունը դեռևս գերիշխող կրոն էր Իսրայելում, Պաղեստինի Գազա քաղաք եպիսկոպոսի պաշտոնով եկավ Պորֆիրիոսը: Քաղաքի ժողովուրդը շատ չանցած նրա հետ սկսեց թշնամաբար վարվել, իսկ պատճառն այն էր, որ նոր եպիսկոպոսի գալուստից հետո ամեն տարվա նոյեմբերի 3-ի մոտերքում սպասվող անձրևը չեկավ: Չեկավ նաև դեկտեմբեր ամսին: Քրիստոնյաների ու հեթանոսների միջև մեծ լարվածություն էր առաջացել, որը կարող էր մինչև իսկ արյունահեղության հասնել, որովհետև այստեղ անձրևը օդի նման կենսական էր: Իսկ այդ չորային եղանակի պատճառը համարում էին քրիստոնյաների նորընտիր եպիսկոպոսին։ Այդ ժամանակ քրիստոնյա փոքրիկ համայնքը՝ թվով 280 հոգի, հունվարի 4-ին հավաքվեց ու այդ եպիսկոպոսի գլխավորությամբ, աղոթքներով ու սաղմոսների օրհներգերով քաղաքի պարիսպների չորս կողմը պտտվելով Աստծուց անձրև խնդրեց։ Իսկ երբ ուզեցին գլխավոր դարպասով նորից հետ դառնալ, հեթանոսներն այն փակեցին քրիստոնյաների առջև, մինչև որ իրենց աղոթքի պատասխանը` անձրևը գար: Շվարած մարդիկ, որոնց մեջ նաև երեխաներ կային, չգիտեին ինչ անել: Բայց շատ չանցած սկսեցին առաջին կաթիլներն ընկնել, իսկ քիչ անց հորդ անձրև տեղաց: Հեթանոս բնակչությունն ուրախությամբ բացեց քաղաքի դարպասները քրիստոնյաների առջև, բացականչելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»: Իսկ պատմաբանն ավելացնում է, որ այդ հրաշքից հետո քրիստոնյաների քանակն ավելացավ:
Ասացինք, որ Իսրայելում քաղցրահամ ջրի ընդամենը մի փոքրիկ լիճ կա, և բնական է, որ այդքանը քիչ է, քանի որ խմելու ջրերի աղբյուրները նույնպես բացակայում են այս չորային երկրում: Եվ այդ է պատճառը, որ ամբողջ Իսրայելով մեկ ոչ մի առվակ, ոչ մի ինքնահոս ոռոգման ջրի նշույլ չես գտնի, բացի սակավահոս Հորդանանից, որովհետև ամեն ինչ, լինի ծառ ու ծաղիկ, լինեն համատարած ցանքեր, դաշտեր կամ այգիներ, բոլորը ոռոգվում են սինթետիկ խողովակաշարերով, որոնք ընդհուպ մոտեցված են բույսի արմատին, որպեսզի մի կաթիլ անգամ ջրի կորուստ չլինի: Իսկ երբ մի անգամ տեսանք, թե ինչպես են ջրում, աճեցնում բանջարեղենը, ապա շատ զարմացանք այս ժողովրդի հնարամտության և հատկապես ջրի խնայողության համար բանեցրած ջանքերի վրա: Հեռվից այդ բանջարեղենի ցանքատարածությունները նման էին արծաթափայլ, շողարձակ մի լճի, բայց երբ մոտենում ես, ապա տեսնում ես խնամքով, կիսաշրջանաձև պոլիէթիլենե թաղանթների տակ աճող ջերմոցային մշակաբույսեր, որոնք կիզիչ արևի ճառագայթների հետ հարաբերվում են ընդամենը մի փոքրիկ օդանցքով, որտեղից կարող է գոլորշանալ ավելորդ խոնավությունը, իսկ ներսում, խողովակների միջոցով ոռոգվելով, պահպանվում է համապատասխան կենսատու միջավայր: Եվ ընդհանրապես, այստեղ ամեն բան է խնայվում, մանավանդ հողը, ջուրն ու էլեկտրաէներգիան:
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2897

Մեկնաբանություններ